Երեխայի ատամների բուժում ընդհանուր անզգայացմամբ

Փոքր երեխաները երբեմն դժվարությամբ են համագործակցում ստոմատոլոգի հետ, իսկ երեխայի ատամի ցավը կարող է առաջացնել վախ և անհանգստություն։ Այդ պատճառով կարևոր է ժամանակին դիմել մասնագետի և ընտրել բուժման այն եղանակը, որը համապատասխանում է երեխայի անհատական կարիքներին։
Շատ դեպքերում բավարար է լինում տեղային անզգայացումը, երբեմն՝ համակցված հանգստացնող մեթոդներով, որպեսզի երեխան ավելի հանգիստ անցնի ողջ գործընթացը։ Սակայն կան իրավիճակներ, երբ դա բավարար չէ․ երբ երեխան չի կարողանում համագործակցել կամ երբ անհրաժեշտ է իրականացնել ծավալուն բուժում։ Այս դեպքերում մասնագետի հետ միասին կարող է քննարկվել ընդհանուր անզգայացմամբ բուժումը՝ որպես բուժումն անվտանգ և արդյունավետ իրականացնելու հնարավոր եղանակ։
Կարևոր է ընդունել, որ յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է, և բուժման ճիշտ մոտեցումն ընտրվում է ոչ թե կաղապարով, այլ նրա անհատական կարիքներից ելնելով։

Մանկական ստոմատոլոգիայի առանձնահատկությունները

Երեխայի ատամների բուժումը տարբերվում է մեծահասակների բուժումից։ Փոքր տարիքում երեխան կարող է վախենալ ստոմատոլոգիական գործիքներից, բուժման գործընթացից կամ պարզապես չկարողանալ երկար ժամանակ համագործակցել մասնագետի հետ։ Հետևաբար, մանկական ստոմատոլոգիայում կարևոր է ոչ միայն բուժման արդյունավետությունը, այլև երեխայի համար հնարավորինս հանգիստ և անվտանգ միջավայր ստեղծելը։
Կաթնատամները նույնպես պետք է բուժել ժամանակին։ Կաթնատամի հեռացումը որոշ դեպքերում կարող է լինել անհրաժեշտ, սակայն վաղաժամ հեռացումը կարող է ազդել երեխայի ծամելու, խոսքի և մշտական ատամների ճիշտ ու ժամանակին ծկթման վրա։ Այդ պատճառով կաթնատամների բուժումը չպետք է հետաձգել միայն այն պատճառով, որ հետագայում դրանք փոխարինվելու են մշտական ատամներով։ 
Կարևոր է նշել նաև մանկական ստոմատոլոգի մոտ պրոֆիլակտիկ այցերի անհրաժեշտության մասին դեռ այն ժամանակ, երբ երեխային ոչինչ չի անհանգստացնում։ Պարբերական զննումը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել կարիեսը, ատամների զարգացման կամ կծվածքի առանձնահատկությունները և անհրաժեշտության դեպքում ժամանակին միջամտել՝ կանխելով ավելի բարդ բուժման անհրաժեշտությունը։ Եվ վերջապես՝ ավելի հեշտ է կանխել խնդիրը, քան հետո մտածել՝ ինչ անել, երբ ցավում է երեխայի ատամը։ 

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել մասնագետի.
  • երեխան բողոքում է ատամի ցավից,
  • նկատվում է ատամների զգայունություն,
  • ծամելու ժամանակ առաջանում է անհարմարություն,
  • ատամի վրա երևում են կարիեսային փոփոխություններ՝ բծեր կամ մգացումներ,
  • կամ պարզապես եկել է հերթական պրոֆիլակտիկ զննման ժամանակը։
Այս նշաններից որևէ մեկի առկայության դեպքում կարևոր է չհետաձգել այցը մասնագետի մոտ։ Ժամանակին զննումը հնարավորություն է տալիս խնդիրը հայտնաբերել վաղ փուլում և անհրաժեշտության դեպքում խուսափել ավելի բարդ ու ծավալուն բուժումից։

Ո՞ր դեպքում է ցուցվում ընդհանուր անզգայացումը

Ընդհանուր անզգայացումը կարող է դիտարկվել որպես երեխայի ատամների բուժումն անվտանգ և արդյունավետ իրականացնելու տարբերակ։ Այն կարող է քննարկվել, օրինակ, երբ՝
  • երեխան ունի արտահայտված վախ և չի կարողանում համագործակցել ստոմատոլոգի հետ,
  • անհրաժեշտ է բուժել մեծ թվով ատամներ,
  • նախատեսվում է երկարատև կամ ծավալուն ստոմատոլոգիական բուժում,
  • երեխայի տարիքը կամ զարգացման առանձնահատկությունները թույլ չեն տալիս անհրաժեշտ միջամտությունն իրականացնել սովորական պայմաններում,
  • նախորդ բուժման փորձերը արդյունավետ չեն եղել,
  • անհրաժեշտ է մի քանի միջամտություն կատարել մեկ բուժման ընթացքում։
Վերջնական որոշումը կայացվում է երեխային զննելուց և նրա առողջական վիճակը գնահատելուց հետո։ Ընդհանուր անզգայացումը յուրաքանչյուր երեխայի համար անհատական բժշկական որոշում է և իրականացվում է համապատասխան մասնագետների հսկողությամբ։
Եթե երեխայի մոտ առկա են քրոնիկ հիվանդություններ, ալերգիաներ, ընդունվող դեղորայք կամ նախկինում անզգայացման հետ կապված խնդիրներ, այդ մասին անհրաժեշտ է նախապես տեղեկացնել մասնագետին։

Ընդհանուր անզգայացման տեխնիկան մանկական ստոմատոլոգիայում

Ընդհանուր անզգայացման ժամանակ երեխային հասցնում են վերահսկվող քնի վիճակի, որի ընթացքում նա չի զգում իրականացվող ստոմատոլոգիական միջամտության ցավը և չի մասնակցում բուժման գործընթացին։
Անզգայացումը իրականացնում է անեսթեզիոլոգը, որը նախապես գնահատում է երեխայի առողջական վիճակը և բուժման ընթացքում վերահսկում նրա կենսական ցուցանիշները։ Անզգայացման մեթոդը ընտրվում է երեխայի տարիքին, առողջական վիճակին և նախատեսվող միջամտությանը համապատասխան։
Անզգայացման եղանակը ընտրվում է երեխայի տարիքին, առողջական վիճակին և բուժման առանձնահատկություններին համապատասխան։ Այն կարող է իրականացվել ներշնչման միջոցով՝ հատուկ դիմակի օգնությամբ, որի միջոցով երեխան ստանում է անզգայացնող գազ, կամ ներերակային ճանապարհով՝ երակային կաթետերի միջոցով համապատասխան դեղորայք ներարկելով։
Մինչև բուժումը երեխայի ծնողին ներկայացվում են անհրաժեշտ նախապատրաստական ցուցումները։ Բուժման ավարտից հետո երեխան արթնանում է մասնագետների հսկողության ներքո։ Որոշ երեխաների մոտ կարող են կարճ ժամանակով առաջանալ քնկոտություն, գլխապտույտ, սրտխառնոց, կոկորդի անհարմարություն կամ արթնանալուց հետո անհանգստություն։ Սովորաբար դրանք անցողիկ են, սակայն երեխայի հետագա խնամքը պետք է իրականացվի մասնագետի ցուցումներին համապատասխան։
Եթե ցանկանում եք երեխայի ատամների բուժումն իրականացնել Երևանում՝ ընդհանուր անզգայացմամբ, ապա ՄարիԿլինիկի փորձառու մասնագետները կօգնեն գնահատել երեխայի ատամների վիճակը և ընտրել բուժման համապատասխան տարբերակը։ 

Ինչու՞ ընտրել ՄարիԿլինիկը

ՄարիԿլինիկում մանկական ստոմատոլոգիական բուժումն իրականացվում է անհատական մոտեցմամբ։ Մեր մասնագետները կարևորում են ոչ միայն բուժման արդյունքը, այլև երեխայի հետ ճիշտ հաղորդակցությունը և հնարավորինս հանգիստ բուժման գործընթացի կազմակերպումը։ Նախնական զննման ընթացքում գնահատվում է երեխայի բերանի խոռոչի վիճակը, որոշվում է անհրաժեշտ բուժման ծավալը և ընտրվում է համապատասխան մեթոդը։
Ընդհանուր անզգայացման անհրաժեշտության դեպքում բուժման հնարավոր տարբերակը քննարկվում է անհատապես՝ մասնագետների գնահատումից հետո։
ՄարիԿլինիկում ընդհանուր անզգայացմամբ ստոմատոլոգիական ծառայությունների արժեքը կախված է բուժման տեսակից, միջամտության ծավալից և դեպքի բարդությունից։ 
Գրանցվե’ք  խորհրդատվության այսօր և ստացե՚ք Ձեր երեխայի համար անհատական բուժման պլան՝ հիմնված նրա ատամների և ընդհանուր առողջական վիճակի գնահատման վրա։ 

Ծանոթացի’ր մեր ծառայություններին և արժեքներին